Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է. Հ


Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է. Հ
Փետրվար 28 16:08 2025

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ:

 

«1988 թ․ փետրվարն ազդարարեց ազգային զարթոնքի և նորագույն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր և Արցախի Հանրապետության կերտումը։

 

Ի պատասխան արցախահայության սահմանադրական իրավունքի իրացման խաղաղ պայքարի, Ադրբեջանը՝ Խորհրդային իշխանությունների անտարբերության պայմաններում, 1988 թ․ փետրվարի 27-ից 29-ը կազմակերպեց և իրականացրեց Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության արյունալի ջարդերը։ Սումգայիթին հաջորդեցին Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու էթնիկ զտումը։

 

1988 թ․ Սումգայիթի հայկական ջարդերը, հարյուր հազարավորների բռնի տեղահանումը, դրանց հաջորդած արցախյան առաջին և 44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին բռնակցումը, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումն ու կեղծ դատավարությունն ի ցույց են դնում տարածաշրջանում Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարական նկրտումները։

 

Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է Բաքվում ընթացող դատավարության բեմականացմամբ, նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի ակնհայտ նպատակը ոչ թե միջազգային իրավունքի և նորմերի վրա խարսխված խաղաղության հաստատումն է, այլ՝ հայկական պետականության փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործոնի վերացումը։

Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում շարունակվող դատավարական ֆարսի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոն հայտարարում է.

 

• Դաշնակցությունը շարունակելու է հետամուտ լինել 1988-90 թթ․Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների ճանաչման, դատապարտման և արդար հատուցման պահանջին։

 

• Սումգայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության զոհերի արդար փոխհատուցման և վերադարձի իրավունքի պահանջը, ինչպես նաև Բաքվում պատանդառված բոլոր գերիների և պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը պետք է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի մաս դառնան»: