«Սպասենք, թե բարի կամքի դրսևորմամբ օրվա իշխանությունները մի բան կանեն, բացառվում է, չեն անելու։ Մենք պետք է ճնշում իրականացնենք»,- Panorama,am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ ճնշում իրականացնելու համար կա մի քանի ճանապարհ։
«Հիմա ՀՀ-ն իրավունք ունի միջազգային կոնվենցիայի ներքո պահանջել և իրականացնել էքստրադիցիա։ Այսինքն՝ տեսափոխումը քաղաքացու այն երկիր, որի քաղաքացին է, մինչ դատական գործընթացի ավարտը։ Մենք ունենք նաև արդեն դատապարտված անձիք, որոնք դատապարտվել են 20 տարի և ավելի։ Նրանց դեպքում միջազգային կոնվենցիան թույլ է տալիս, որպեսզի հարցը դրվի նրանց տեղափոխել այն երկիր, որի քաղաքացին է և կրի իր պատիժն այդ երկրում»,- ասաց Ալավերդյանը։
ՀՀ առաջին ՄԻ պաշտպանի խոսքով՝ եթե Ադրբեջանը հրաժարվի այս իրավական գործընթներից, ապա մեր երկիրը պետք է օր ու գիշեր աշխատի այլ պետությունների հետ, որպեսզի տեղափոխեն այլ պետություն։
«Դա կիրականացվի միջազգային իրավունքներին համապատասխան, այլ ոչ թե միջնադարյան կտտանքների ձևով և արդար դատավարության բոլոր նորմերի ոտնահարմամբ»,- ասաց Ավավերդյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իր վերաբերմունքն արտահայտել է Ռուբեն Վարդանյանի պատանդառության մասին, որն ուղղակի համարեց գարշելի։
«Եթե նման հայտարարությունն արվել է հրապարային, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ վտանգներ են ներկայացնում մեր իշխանությունների գործողությունները, որոնք չեն արվում հրապարակային»,- նշեց Ալավերդյանն ու հավելեց․ « Ես կասկած չունեմ, որ այս իշխանություններն ամբողջովին համաձայն են ադրբեջանցիների կողմից ցուցաբերած և՛ վերաբերմունքին, և՛ դատավարական գործընթացներին, որոնք ընթանում են Ադրբեջանում»։
Նման իրավիճակում Ալավերդյանը կարծում է, որ անելիք ունի հասարակությունը։
«Կան ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը, որոնք ընդունում են և մեծ տեղ են տալիս հասարակությունից եկած բողոքներին, կարծում եմ՝ առանց հապաղելու դեպք է դիմել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
ՀԿ ներկայացուցիչը պնդում է, որ ավելի քան երեք տասնամյակ զբաղվել է վերադարձած պանտանդների և զինգերիների վերականգնման աշխատանքներով։ Նա շեշտում է, որ այս տարիների ընթացքքում չի եղել գեթ մեկ դեպք, որը գերեվարված լինելով անձը չի ենթարկվել կտտանքների։
«Չկա նման դեպք։ Ունենք բազմաթիվ ապացույցներ»։
Ալավերդյանի համողմամբ՝ քաղհասարակությունը պետք է պահանջատեր լինի այստեղ գտնտվող դեսպաններից, որոնք իրենց համարում են ժողովրդավար և իրավունքի գերակայությամբ ղեկավարվող։
«Կարո՞ղ է այդ երկրները պատահական են այստեղ, նրանք ՄԱԿ-ի անդամ պետություններ են և ունեն պարտավորություններ։ Օրվա իշխանության վրա ճնշումն իրենք են պարտավոր իրականացնել, նրանք այստեղ հյուրի կարգավիճակով չեն, որ այդքան ամոթխած են իրենց պահում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ալավերդյանը հակված է այն կարծիքին, որ Ռուբեն Վարդանյանի լուսանկարները պատահական չեն ցույց տվել։
«Նրանք ուզում են ցույց տալ,թե ինչ է սպասվում ցանկացած հայ մարդու՝ անկախ դիրքից։ Ռուբեն Վարդանյանը, որն ուներ դիրք և հրաժարվելով դրանից, որոշեց գնալ և հայրենիքի համար պայքարել։ Մի պահ պետք է զգալ այն ցավը, որն իրենք զգում են ֆիզիկական կտտանքների և հոգեբանական ճնշումների ժամանակ։ Ես ուզում եմ հասկանալ այն մարդկանց, որ ասում են,թե հասարակ մարդ են ու քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանք չեն հասկանո՞ւմ այդ ցավը , որոնք կրում են մեր հայրենակիցները»։
ՄԻ առաջին պաշտպանի համոզմամբ՝ այլ իշխանությունների պարագայում գուցե այլ իրավիճակ լիներ։
«Ստղծված իրավիճակում պետք է ձգտել փոփոխությունների։ Նրանք, որոնք չեն պայքարում արժանապատիվ կյանքի և ապագայի , Հայաստանի և իրենց ընտանիքների համար, չեն կարող կոչվել ո՛չ քաղաքացի, ո՛չ հայ, ո՛չ մարդ։ Նրանք իրենց ստամոքսի կարիքներով են զբաղված, բիոզանգված են»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։