Եթե սա այսքան բանից հետո պետք է մնա, հայն ապրում է, որ ի՞նչ անի. Զոհվածի մայրը՝ Փաշինյանի մասին


Եթե սա այսքան բանից հետո պետք է մնա, հայն ապրում է, որ ի՞նչ անի. Զոհվածի մայրը՝ Փաշինյանի մասին
Փետրվար 28 23:49 2025

«Արցախը պատմական հայկական տարածք է», Մեդիահաբի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։ Հարցին՝ թե Փաշինյանը ինչո՞ւ այն հանձնեց, Մինասյանը պատասխանել է․ «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»: Լրագրողի հարցին՝ թե այդքան զոհ որտեղի՞ց, եթե չենք կռվել, պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ-ի այն հայտնի նարատիվին, թե պատերազմում չենք կռվել, դասալիքներ ունենք, իսկ արցախցիները լքել են Արցախը, կռվելու փոխարեն, ասում է. «Այսօր մտածում էի, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, նրա հանդեպ ատելությունից որոշները արցախցիներին թուրք էին ասում, հիմա այդ նույն անասունները իշխանությունը հանձնել են իսկական թուրքին, որովհետև միայն թուրքը կարող է հայրենիքն այս ձևով բզկտել, քանդել ու պառակտել, վերջում էլ հայրենիքի համար պայքարողներին դատի: Եթե այս տեմպերով շարունակվեց, այս իշխանություն կոչվածը մի օր բոլոր հերոսներին դատելու է, պնդելով, որ պատերազմում սպանել են իրենց բարեկամներին: Սարիկ Մինասյանը գիտի՞, թե զոհվածի մոր արցունքներն ամեն գիշեր ինչպես են բարձը թրջում: Նա գիտի՞, որ մենք` մայրերս ամեն գիշեր երազում ենք գոնե մեր տղերքին երազում տեսնել: Ես առողջությունս կորցրի արդեն սրանց ձեռքին:

Որ լսում եմ, թե ինչեր են բարբաջում, վատանում եմ, էլ նյարդերս չեն հերիքում: Այսօր մի ոչնչություն, ով մարդ կոչվելու իրավունք չունի, մարդկանց տներն է արդեն մտնում, քանդեցին մեր ընտանիքները, հիմա մտել են մեր օջախները: Եթե սա այսքան բանից հետո պետք է մնա, հայն ապրում է, որ ի՞նչ անի:

Դրանից առաջ էլ Աննա Հակոբյանն էր դասալիքներից խոսում, Ալեն Սիմոնյանը վերջերս նման բան հայտարարեց: Տո անասուններ, մի տարուց ավել արցախցիները սոված ապրել են, նույնիսկ աղ չեն ունեցել, քարից աղ են սարքել, բայց թուրքից մի գրամ աղ չեն վերցրել, մի կտոր հաց թուրքից չեն վերցրել: Այ ստահակներ, դուք հիմա ի՞նչ եք խոսում:

Մարդիկ թուրքի առաջ ճանապարհ էին փակել, որ Արցախ ուտելիք չմտնի, նրանց պատիվը կյանքից ու ուտելիքից կարևոր է, հիմա գետինը չե՞ք մտնում նման բաներ եք խոսում: Էդ դուք եք ապրում ուտելու համար, արցախցին երբեք այդպիսին չի եղել, այ որկրամոլներ:
Զարմանալի բան է, տարուց ավելի սոված մնացին արցախցիները, բայց թուրքի առաջ չծնկեցին: Ես համոզված եմ, որ եթե վաղը Հայաստանի դռները փակվեն, մեր ժողովուրդը մի ամիս չի դիմանալու, իսկ այս իշխանություն կոչվածը թուրքի ոտքերն է ընկնելու` ուտելիք ուզի: Պարզապես զարմանում եմ, ապշում այն մարդկանց վրա, որ այսքան բանից հետո փողոց դուրս չեն գալիս: 1988-ին ես երիտասարդ էի շատ, բայց հիշում եմ, որ սաստիկ ցրտին` ձյան տակ Արցախ էինք պահանջում: Այդ կադրերը մինչև հիմա կան համացանցում: Հիմա էս ի՞նչ դարձավ մեր ազգը: Միայն փորի կուշտ լինելու մասին են մտածում, կուշտ փորով գնում ենք մորթվելու:

Բայց այսպես ինչքա՞ն կարելի է, էս ինչքան փողասեր ենք դարձել: Հայ ազգին հարիր չէ, որ Նիկոլ Փաշինյանը լինի իր ղեկավարը: Մի նրան նայեք, նրա թայֆային: Աննա Հակոբյանն ի՞նչ իրավունք ունի այսքան ակտիվ լինելու: Մենք էլի առաջին տիկնայք ենք ունեցել, ո՞ր մեկն է դրա նման պահել իրեն: Մի անգամ չեմ տեսել իրենց այսպես պահեն: Ամուսինը քանդեց երկիրը, երևի հույս ունի, որ վաղն էլ ինքն է գալու գահին բազմի: Թոռնիկս ինձ օրեր առաջ հարց տվեց` ո՞ւր է պապան, նայեցի երկինք, չգիտեի ինչ պատասխանեմ, ասացի` պապան այնտեղ է, նա քեզ վերևից սիրում ու պաշտպանում է», - պատմում է զոհվածի մայրը: