«ՀՀ-ն բանակցությունների սեղանին օգտագործելու խաղաքարտեր ունի»․ գերիների հարցը պետք է օրակարգ դառնա


«ՀՀ-ն բանակցությունների սեղանին օգտագործելու խաղաքարտեր ունի»․ գերիների հարցը պետք է օրակարգ դառնա
Մարտ 3 14:07 2025

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև «փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին» պահանջով իրականացվող ակցիային ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ պետք է ուժեղացնել ճնշումը ոչ միայն Ադրբեջանի, այլև ՀՀ կառավարության և միջազգային կառույցների ու երկրների նկատմամբ։

 

«Առաջին պատասխանատուներն Ադրբեջանի իշխանություններն են, որոնք այս հանցագործությունները կատարում են մեր հայրենակիցների հանդեպ, երկրորդ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետև նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են, և ՀՀ-ի ձախողումների հետևանքով է տեղի ունեցել նրանց առևանգումը, գերեվարումն ու բանտարկումը։ Իհարկե, առանձին միջազգային կառույցներն էլ իրենց պատասխանատվությունն ունեն։ Կարմիր խաչը, կամ խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող ամեն կառույց իր մեղքի բաժինն ունի, բայց մենք առաջին հերթին ՀՀ իշխանություններից պետք է պահանջենք կոնկրետ քայլեր»,-ասաց նա։

 

Ըստ Բեգլարյանի, ՀՀ իշխանությունները որևէ ձևով ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա, նաև՝ միջազգային կառույցների, պետություներ վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին Ադրբեջանին ճնշեն։ Այդ իսկ պատճառով էլ արդյունք չի լինում։

 

«ՀՀ-ն ունի խաղաքարտեր՝ բանակցությունների սեղանին օգտագործելու, նաև տարբեր միջազգային կառույցների նկատմամբ հարցը բարձրացնելու»,-ասաց նա։

 

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, ըստ Բեգլարյանի, եղավ 1,5 տարի հետո․

 

«Այդ բովանդակությամբ հայտարարություն չէր եղել, ինչո՞ւ եղավ, որովհետև կար հանրային ճնշում։ Որքան հանրային ճնշումը մեծանա, հանրային դաշտում օրակարգ դառնա գերիների պաշտպանությունը և ազատ արձակումը, այնքան ՀՀ պետական մարմինները երևացող ու էֆեկտիվ կաշխատեն»։