Նիկոլի խարանը Գյումրու վրայից հանելը մի մարդու գործ չէ, հազար խելացի մարդ պետք է հավաքվի և փորձի այդ քարը փոսից հանել․ Ռուբեն Մխիթարյան


Նիկոլի խարանը Գյումրու վրայից հանելը մի մարդու գործ չէ, հազար խելացի մարդ պետք է հավաքվի և փորձի այդ քարը փոսից հանել․ Ռուբեն Մխիթարյան
Մարտ 3 22:08 2025

Եթե քննադատական խոսքը ներկայացվում է որպես խժդժություն, ապա ես ակնկալում եմ, որ իմ քննադատական խոսքին կհնչի բովանդակային պատասխան։ Այս մասին 24TV-ի հետ հարցազրույցում ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Մխիթարյանի քննադատական խոսքն իշխանական ուժերը ներկայացնում են որպես խժդժություններ հրահրելու փորձեր։

«Ոչ էլ անգամ չի ասում, որ դա սուտ է կամ զրպարտանք։ Քննադատական խոսքի անունը դնում են՝ դե խժդժություն է։ Վերջին յոթ տարում մենք տեսել ենք, թե ովքեր են ժողովրդի մեջ  խժդժություններ անում, սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների  բաժանում։ Ինձ համար նման բաժանարար գծեր չկան, կա լավ մարդ, կա վատ մարդ»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե ընտրություններում չհաղթի և չկարողանա մաքրել, օրերս հնչած ձևակերպմամբ, Փաշինյանի խարանը Գյումրու վրայից, Մխիթարյանը պատասխանեց․ «Նիկոլի խարանը Գյումրիի վրայից հանելը մի մարդու գործ չէ, մի խոսք կա չէ՝ մի գիժ քարը գցում է փոսը, հազար խելացի չի կարողանում հանել,  ես կարծում եմ, որ  «հազար խելացի մարդու» ժամանակն է եկել, որ հավաքվեն և փորձեն այդ քարը փոսից հանեն։ Հաղթանակ ասվածը միայն ընտրություններում առաջին տեղը գրավելը չէ, այստեղ բազմաթիվ հանգամանքեր կան, որ հավանականություն կա, որ իշխող ուժը չի կարողանալու Գյումրի քաղաքում ստանալ իշխանություն։ Ես ընտրություններին վերաբերվում եմ ընդհանուր ցիկլի մեջ, թե ուր ենք գնում, ինչպես ենք գնում և այս X կետին հասնելուց հետո ինչ հետագա պլաններ ենք մշակում, որպեսզի հասնենք այն կետին, որ այդ խարանը մաքրենք։ Բայց պետք է ֆիքսենք, որ եթե նման խոսույթ կա, ապա դա արդեն շատ կարևոր է, այն գիտակցումը, որ կա խնդիր, որը պետք է լուծել, դրանք շատ կարևոր ազդակներ և ցուցիչներ են»։