Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղության հաստատումն է, այլ հայկական պետականության կազմաքանդումը, հայկական քաղաքական գործոնի վերացումը․ ՀՅԴ


Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղության հաստատումն է, այլ հայկական պետականության կազմաքանդումը, հայկական քաղաքական գործոնի վերացումը․ ՀՅԴ
Փետրվար 28 17:40 2025

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ.

 

«1988 թ․ փետրվարն ազդարարեց ազգային զարթոնքի և նորագույն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր և Արցախի Հանրապետության կերտումը։

 

Ի պատասխան արցախահայության սահմանադրական իրավունքի իրացման խաղաղ պայքարի, Ադրբեջանը՝ Խորհրդային իշխանությունների անտարբերության պայմաններում, 1988 թ․ փետրվարի 27-ից 29-ը կազմակերպեց և իրականացրեց Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության արյունալի ջարդերը։ Սումգայիթին հաջորդեցին Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու էթնիկ զտումը։

 

1988 թ․ Սումգայիթի հայկական ջարդերը, հարյուր հազարավորների բռնի տեղահանումը, դրանց հաջորդած արցախյան առաջին և 44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին բռնակցումը, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումն ու կեղծ դատավարությունն ի ցույց են դնում տարածաշրջանում Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարական նկրտումները։

 

Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է Բաքվում ընթացող դատավարության բեմականացմամբ, նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի ակնհայտ նպատակը ոչ թե միջազգային իրավունքի և նորմերի վրա խարսխված խաղաղության հաստատումն է, այլ՝ հայկական պետականության փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործոնի վերացումը։

Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում շարունակվող դատավարական ֆարսի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոն հայտարարում է.

 

• Դաշնակցությունը շարունակելու է հետամուտ լինել 1988 – 90 թթ․Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների ճանաչման, դատապարտման և արդար հատուցման պահանջին։

 

• Սումգայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության զոհերի արդար փոխհատուցման և վերադարձի իրավունքի պահանջը, ինչպես նաև Բաքվում պատանդառված բոլոր գերիների և պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը պետք է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի մաս դառնան։

 

ՀՅԴ Բյուրո

28 փետրվարի, 2025թ.»։