Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով։
1․ Հայտարարել 2025 թվականի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2025 թվականի ամառային զորակոչկամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
2․ 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
3․ 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
4․ Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5․ 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
6․ 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
7․ Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
8․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
9․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին։