Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը ՔՊ ցուցակով պատրաստվում է առաջադրվել ավագանու արտահերթ ընտրություններին, այսօր այցելել է Ավտոկայան թաղամաս ու լսել բնակիչներին։
Գյումրեցիները, իշխանության թեկնածուին ներկայացրել են այն պայմանները, որոնցում իրենք շարունակում են ապրել:
«26 տարի է՝ արդեն տարբեր տներում վարձով եմ ապրում, սա արդեն 10-րդ տունն է, որ վարձով եմ ապրում։ Ո՞ւր գնամ ապրեմ, ինձ ասում են՝ քուր, ախպեր չունե՞ս, գնա իրենց հետ ապրի։ Ես չգիտեմ՝ ինձ հետ ինչ պիտի լինի»,-ասաց հավաքվածներից մի տարեց կին՝ դիմելով Սարիկ Մինասյանին։
Վերջինն առաջարկեց դիմում գրել, եթե ծրագիրը շարունակվի, հաշվի կառնեն։
«Ներողություն, էմիգրա՞նտ ենք, փախստակա՞ն ենք, ի՞նչ ենք, որ էս թաղամասի վրա ուշադրություն դարձնող չկա, լքված ենք, ցավին՝ անտեղյակ, դավին՝ անտարբեր։ Էս մի թիքա ճանապարհը չի՞ լինի սարքել։ Բա հինգ տարի չեկաք, ասեիք, ոնց եք ապրում։ 82 տարեկան եմ, միայնակ կին, չգիտեմ՝ ինչքան կապրեմ, մի սոցիալական սենյակ գոնե տվեք»,-ասաց մի ուրիշ կին:
«Լուսավորության խնդիր ունենք, ամեն խնդիր էլ ունենք, շների խնդիր էլ ունենք»,-հավելել են բնակիչները։
Ի պատասխան Մինասյանն ասեց՝ Երևանից մարդիկ են եկել, շներին հավաքում են, տանելու են ստուգեն, ստերջացնեն։