Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ի նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի. ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Նա Դաշնակցությանը տեսնում է ամեն տեղ, բոլոր կուսակցությունների գաղափարախոսության մեջ։ Այսինքն՝ այնքան հիվանդագին է, որ Դաշնակցությունը դնում է խաղի կենտրոնում: Ինքը պետք է ինքն իրեն գտնի և մտածի, թե ինչպես պետք է կարողանա որպես վարչապետ պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը միջազգային դժվար մթնոլորտում: Ինքն անպատասխանատու է, և կարծում եմ՝ այլեւս բավական է»,-ասաց նա:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցից՝ Փափազյանն ասաց, որ այդ այցն իրականում ոչինչ չտվեց։ Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցած 25-30 հոգին նախապես էր որոշված։
«Դժբախտաբար, Դաշնակցությունը ներկա չէր, հրավիրված չէր այդ հանդիպմանը: Ինքն այդ հանդիպման ժամանակ հիմնականում Դաշնակցության մասին է խոսել: Ասեմ, որ սրահում կար 30 անձ, որից 25-ը հայերեն չէր հասկանում: Այսինքն՝ նրանք չեն հասկացել, երբ Փաշինյանը ցեղասպանությունը հարցականի տակ է դրել:
Ինքը համայնքներում շրջելով՝ առաքելություն ուներ հարցականի տակ դնել Ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան է պահանջել դա, Ալիևն էլ պահանջել է, որ ինքը հայտարարի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Այն հայեցակարգը, որ իրական Հայաստանը պետք է հակադրել պատմական Հայաստանին, այդ իրական Հայաստանի գաղափարը Հայաստանին ծնկի է բերում, որովհետև առանց Հայաստանի արմատների չի կարող ապագա լինել»: