«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով որ միջոցառմանը մասնակցել է նաև մարզպետը:
Նրա խոսքով այդ գործընթացին մասնակցել է բարձրաստիճան զինվորական, որից պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը տեղյակ չեն, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարներն էլ տեղյակ չեն եղել։
«Ես տասնյակ անգամներ խոսել եմ այս մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտների համապատասխան»,-ասաց փաշինյանը և հավելեց. «Ես ուզում եմ ուղիղ ասել, ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որպեսզի այդ թվում դեյուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետև մենք հասկանում ենք, չէ՞, պանդորայի ինչ արկղ ենք բացում»։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ:
«Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այսպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով կոչվի, այն պայմաններում, երբ որ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել»,-նշեց Փաշինյանը և հայտարարեց. «Եվ սա անընդունելի մոտեցում է և այսպես հրապարակային եմ ասում՝ որևէ մեկը հանկարծ չմտածի պրոցեսը շարունակելու մասին։
Այդ պրոցեսը պետք է չեղարկվի, և ես դիտողություն եմ անում, նկատողություն եմ անում խիստ և Շիրակի մարզպետին, և գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին, այս ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց էլի եմ ասում, կա պետություն և կա ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյա ապապետության տրամաբանության որևէ գործողություն անի և հետևանքները կլինեն համապատասխան»:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր,որ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը։ «Ժամեր առաջ մի տեղեկություն տարածվեց համացանցում և շատ արագ ֆեյսբուքյան հնարավոր էջերից հեռացվեց: Իսկ տեղեկությունը հետևյալի մասին էր. «Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն այսուհետ կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը»։ Զավեշտը, գուցե` ողբերգությունը, այն է, որ գեներալ Գրիգորյանն անձամբ ներկա է եղել Վահրամաբերդի դպրոցի հայրենագիտության նոր դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, և անձամբ էլ բացել է իր անունը կրող դասասենյակը:
Այս հույժ կարևոր միջոցառմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը»։