Արդբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«ՀՀ վարչապետը հայ հանրությանը վերաբերվում է այնպես, ինչպես բռնարարը կվերաբերվի իր զոհին։ Հոգեբանական ֆիլմերում տեսած կլինեք՝ տևական ժամանակ բռնությունների ենթարկելուց հետո բռնարարը կարող է ժամանակ առ ժամանակ իր զոհին ասել՝ «քեզ որ խելոք պահես, այլևս չեմ խփի․․․»։ Հետո վերադառնալ բռնության մեթոդին՝ ասելով, թե իբև խելոք չի պահել։
Հենց այդպես է վարվում հայ հանրության հետ երկրի վարչապետը։ Ասում է՝ տեսեք չեմ հայհոյի, բայց դուք էլ ձեզ խելոք պահեք ու դեռ մի հատ էլ ժամկետներ է դնում։ Ես չեմ հիշում, որ երբևէ Հայաստանի որևէ ղեկավար իրեն նման բառամթերք ու հանրության հետ հարաբերվելու ձև թույլ տար։
Հոգեբանական բռնության ժամանակավոր դադարը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Երեկվա Վեհարանի ասպատակման օպերացիան ցանկալի արդյունքը չտվեց, մարդիկ թույլ չտվեցին ուժով մտնել Վեհարան։ Եթե մտնեին, հաջորդ ասպատակումը լինելու էր Վեհափառի դեմ։ Դա նրան չհաջողվեց։ Դրա համար էլ երեկոյան հայհոյանքների տարափ էր ոմն մեկի էջում։ Դրանից հետո արդեն Ֆեյսբուքը սկսեց հեռացնել հայհոյանք պարունակող գրառումներից մեկը։ Դա ևս իր ազդեցությունն է ունեցել։
Ունեմ նաև տպավորություն, որ թեկուզ փակ խողովակներով, բայց նախազգուշացումներ նա ստացել է որոշ արևմտյան դեսպանատներից, քանի որ տեղի ունեցողը ոչ միայն կապ չունի ժողովրդավարության հետ, այլև հատում է բարոյականության ու բարեկրթության բոլոր սահմանները։ Մարդիկ երևի ամաչում են իրենց մայրաքաղաքներ ուղարկվող զեկույցներում ուղիղ գրել, թե ՀՀ վարչապետը ինչ է ասում ու գրում։ «Հրադադարին» նպաստել է նաև «Եվրոնյուսի» խայտառակ վերնագիր պարունակող նյութը, որից անգամ վարչապետի գրասենյակն էր սրտնեղել ու հորդորել փոխել այն։
Այս ամենը Փաշինյանը փորձում է «վաճառել» հանրության վրա՝ որպես լավություն, բայց ինչպես և բռնարարը, նույնակերպ և Փաշինյանը էլի վերադառնալու է իր հին «փեշակին»։ Նա մղում է հստակ կազմակերպված հոգեբանական պատերազմ հայ հանրության գաղափարական ու բարոյական արժեհամակարգի ոչնչացման նպատակով։ Բայց ինչպես վերջերս մի անգամ գրել էի՝ նա շատ է թերագնահատում հայ հանրությանը։ Հայ հանրությունը որքան էլ հոգնած ու զզված լինի բոլորից, բայց հավաքական առումով թույլ չի տա իրեն դնել զոհի տեղ ու պարբերաբար բռնության ենթարկել։ Վաղ թե ուշ քաղաքական լուծումը գտնվելու է։ Հուսով եմ՝ ավելի շատ վաղ, քան թե ուշ․․․»։