ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է․
«Երբ ցանկացած մեկին փորձես ապացուցել, ցույց տալ հայկական մշակույթի, ինքնության ամենավառ ու խորքային կողմերը, առաջին հերթին մտքովդ անցնելու են մեր վանական համալիրները։ Այդ սրբավայրերն են, որ պատմում են մեր անցյալի մասին, վկայում մեր հնությունը, մեր ոգու տոկունությունն ու հայ լինելու հպարտությունը։
Ակնհայտ է, որ մենք՝ այսքան հին ազգ լինելով հանդերձ, շատ մեծ «բազա» չունենք մեր ինքնությունը ապացուցելու համար։ Եվ այդ սակավաթիվ սյուներից ամենակայունները մեր եկեղեցիներն են՝ որպես հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյուներ։
Երբ քայլում ես Եկեղեցիների բակերով, զգում ես մի այնպիսի խաղաղություն, որ այլ տեղերում դժվար է գտնել՝ մաքրություն, խնամք, ոգեղեն մթնոլորտ։ Իսկ հենց դուրս ես գալիս այդ տարածքներից՝ դիմավորում են անճաշակությունը, աղբը, ձայնային ու տեսողական քաոսը։ Ինչո՞ւ է այդպես։ Ո՞վ է մեղավոր այս «հակադրության» համար: Ինչո՞ւ է մեր գիտակցության մեջ ներդրվում, որ մաքուրն ու ավանդականը հետադիմություն է, իսկ անկարգությունն ու անճաշակությունը՝ առաջադիմություն։
Ինձ համար հենց եկեղեցին է այն իրական հարթակը, որտեղ քաղաքացիական հասարակությունն իր լավագույն տեսքն է ստացել դարերով և պետք է ստանա այժմ:
Իսկ այսօրվա ռեժիմի՝ եկեղեցու դեմ ուղղված հարձակողական, թշնամական քաղաքականությունն ու այդ ամենը հորթի հրճվանքով, խանդավառ ձևով պաշտպանողները, ըստ էության, հետադիմականներն են ու իմ ժողովրդի ինքնության համար իսկական սպառնալիքները..»։