ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Մամիջանյան


ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Մամիջանյան
Հուլիս 1 16:44 2025

ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է, ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

 «Նրանք անգամ չեն հասկանում, որ իրենց փուռն են տալիս. ինքնապաշտպանական բնազդ, սթափ բանականություն, ամեն ինչն արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք:

 

Մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4 ու քանի դրամով, դրա մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը զրո է: Այսինքն, այն, որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 ու քանի դրամ թանկ, դրա մեջ ՀԷՑ-ի մեղքը զրո է»,- շեշտեց նա:

 

Նրա խոսքով՝ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ-ը կամ նմանօրինակ կառույցներն ազգայնացվում են, բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել, անխտիր: «Որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել:

 

Բնականաբար, ձեզ ձեռք է տալիս, որ ՀՀ-ն և Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում, Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ ու այսպես շարունակ»,- դիմելով քպ-ականներին՝ ասաց Մամիջանյանը:

 

Նա նաև ավելացրեց․

 

«Վերջում՝ երկու միտք. միտք համար մեկ՝ սիրելի՛ քաղաքացիներ, նույնիսկ ֆեյսբուքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինել ֆեյսբուքյան օգտատեր ու բլոկում է իր գրածները, իսկ մենք իրեն հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնում:

 

Երկրորդը՝ լավ հիշեք, ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է»։