Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի ազատամարտիկների պանթեոնում այսօր՝ հոկտեմբերի 5–ին հողին կհանձնեն պատերազմի առաջին օրը կամավոր Արցախյան ճակատ մեկնած և օրեր անց զոհված 37–ամյա Արտակ Մարգարյանին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Աշնակի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Արտակը երեք անչափահաս երեխայի հայր էր, կրտսեր որդին 7 ամսական է։
Արտակը «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիրներից է։ Նա Արցախ էր մեկնել նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանի և նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանի հետ. վերջինս բեկորային լուրջ վնասվածքներով տեղափոխվել է Երևան։
Սեպտեմբերի 29–ին Արտակ Մարգարյանն իր վերջին գրառումն է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով. «Հայ ազգ, միայն միասնական պայքարով կարող ենք հասնել հաղթանակի։ Երբ զենքը քո ընկերն է, իսկ Տերը՝ Աստված, մնում է ասել միայն՝ հաղթանակ»։
Իսկ մինչ այդ՝ նախքան առաջնագիծ մեկնելը, նա ուղիղ եթերով դիմել էր հայրենակիցներին՝ ասելով. «Դուխով միայն առաջ՝ մինչև վերջ, սիրում ենք ձեզ ու հաստատ հետ ենք գալու ու հաղթական ենք հետ գալու»։