ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը, հաստատել է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։
Ռուսական URA.ru–ն ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում Հայաստանի ղեկավարության հետ իր անհամաձայնության պատճառով։
«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», - լրատվամիջոցին պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից։
Այլ մանրամասներ չեն հայտնել։ ԱԳՆ-ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք որոշումը կապվա՞ծ է Սպարտակյանի անհամաձայնության հետ։
Հիշեցնենք` Սպարտակյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում ցանկացած գործողություն Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, ապա նա նշել էր, որ ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում գործարարին, քանի որ նա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կառուցել և արարել:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում