«Կոկորդիլոսը» Երևան է հասել Վեդիից. ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ․ «Ժողովուրդ»


«Կոկորդիլոսը» Երևան է հասել Վեդիից. ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ․ «Ժողովուրդ»
Օգոստոս 7 08:04 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Մեր աղբյուրները նշում են, որ Գարիկ Սարգսյանը վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում ակտիվ քարոզչություն է իրականացնում իր համար ու, կարելի է ասել, բոլոր հանդիպումներին միայնակ է ներկայանում: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն այդքան էլ ընկալելի չէ ՔՊ-ական էլիտայի համար, ու նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալն այդքան էլ չի ոգևորել իշխանության վերնախավին, հատկապես, որ իր մարզն ու համայնքը թողած՝ Երևանից է ձայներ փորձում ստանալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կկայանան ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները, որի համար առաջադրվել է 42 ՔՊ-ական․ նրանցից ընտրվելու է 20-ը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը հանրությանը հայտնի է իր սկանդալային հայտարարությամբ, որն արել էր դեռևս 2019 թվականին, երբ Արարատի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում: Վերջինս, չգիտես ինչու, մտադիր էր Արարատի մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով:

«Մի քանի բաղադրիչների մասին է խոսքը, պարզապես ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու, որտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվահրապարակ, մանկական հրապարակ, արագ սննդի կետեր, ռեստորաններ և այլն»,- ասել էր Սարգսյանը, որի հայտարարությունը այդպես էլ մնաց որպես օդում կախված ծրագիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: