«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը սահմանադրական ճանաչելով՝ ՍԴ-ն չի անդրադարձել կարևոր հարցերի. սա նպատակադրված է արվել. Հարությունյան (Տեսանյութ)


«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը սահմանադրական ճանաչելով՝ ՍԴ-ն չի անդրադարձել կարևոր հարցերի. սա նպատակադրված է արվել. Հարությունյան (Տեսանյութ)
Ապրիլ 29 16:29 2025

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը սահմանադրական ճանաչելով՝ Սահմանադրական դատարանը չի անդրադարձել մի շարք կարևոր հարցերի, ու այդ հարցերը մի օր տուժած անձանց գանգատով կհայտնվեն ՍԴ-ում կամ՝ ՄԻԵԴ-ում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Եթե նախկինում օրենքը թույլ էր տալիս այն մեկնաբանել, որ 2+2=100, ՍԴ-ն ասաց՝ 2+2-ը 10-ից ավելի չէ, բայց չկարողացավ համարձակություն ունենալ՝ ասելու, որ 2+2=4»,- նշեց նա։

Արդյունքում, ըստ Հարությունյանի, դեռևս ծագելու են բավականին խնդիրներ, նոր վեճեր ու կտուժեն քաղաքացին և պետությունը։

«Ցավոք, հիմքեր ունեմ պնդելու, որ սա արված է նպատակադրված ու գիտակցաբար։ Հիմնական նպատակն է՝ ունենալ գործիք, որը հնարավորություն է տալիս զբաղեցնելու քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով, անհեթեթ հայցերով ու դրանով նրանց շեղեն քաղաքական օրակարգից, որովհետև մարդիկ այլ ելք չունեն, քան ծախսելու իրենց ժամանակն ու ռեսուրսները պաշտպանության վրա»,- ասաց նա։

Արդարադատության նախկին նախարարը կարծում է՝ մի օր կլինեն վճիռներ, ու բռնագանձված գույքը կվերադարձվի քաղաքացուն, կհատուցվի նրա վնասն ու պետությունը կտուժի։