Եվրոպական կառույցները լռում են ՀՀ-ում տեղի ունեցող շատ ավելի լուրջ խախտումների պարագայում, ինչը պայմանավորված է իրենց քաղաքական շահերով. Հարությունյան


Եվրոպական կառույցները լռում են ՀՀ-ում տեղի ունեցող շատ ավելի լուրջ խախտումների պարագայում, ինչը պայմանավորված է իրենց քաղաքական շահերով. Հարությունյան
Ապրիլ 29 21:23 2025

«Սա գույքային հարց է, Եվրոպական  կառույցները լռում են շատ ավելի լուրջ խախտումների պարագայում Հայաստանում, ինչ,  կարծում եմ, պայմանավորված է, իրենց քաղաքական շահերով»,- ասուլիսում ասաց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ Եվրոպական կառույցները նախընտրում էին չնկատել, որ ապօրինի գույքի բռնագանձնման մասին օրենքի կիրառումն ակնհայտորեն հակասում է  և մարդու իրավունքների պահպանմանն ու պաշտպանությանը, և անգամ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։

Նա նշեց, որ դեռևս 2009 կամ 2010 թվականին, երբ Եվրոպայի խորհրդի  խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն էր, Եվրոպայի  խորհրդում հայտարարություն է արել՝  այս կազմակերպությունն ու  նրան կից ինստիտուտները մարդու իրավունքների, ընդհանրապես  իրավունքի պաշտպանից դառնում են  ավելի շատ շահերի պաշտպանի ինստիտուտի։

«Ոչինչ չի փոխվել անցած 15 տարիների ընթացքում և այդ  կառույցները քանի գնում, էլ ավելի են խորանում զուտ աշխարհաքաղաքական  շահեր պաշպանելու գործիք դառնալով»,- ասաց նա։