Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են գտնվում, դա բանակցությո՞ւն է, թե կապիտուլյացիա: Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ի պաշտպանություն Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակվեց, որ Արայիկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որը պետք է հրապարկվեր, դրանից անմիջապես հետո մենք ունեցանք տարածքային զիջում Տավուշում ու այդ ցուցմունքները այդպես էլ չհրապարակվեցին: Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ադ շանտաժով են տեղի ունենում բանակցությունները:
Ցանկացած բանակցությունից առաջ պետք է նախապայման լինի Բաքվում պահվող բոլոր մարդկանց վերադարձը: Արարատ Միրզոյանը Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի նամակը քանի՞ դիվանագետի է ուղարկել, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասաց նա:
Քրիսինե Վարդանյանը նշեց, որ առհասարակ տեսանելի չէ, թե իշխանությունները զբաղվում են արդյո՞ք Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով, թե՝ ոչ:
«Եթե բանակցում են, պետք է լինի փոխզիջում, ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Տեղի ունեցողը շանտաժով ընթացող գործընթաց է, որտեղ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են: Եթե ուզում եք տեսնել, թե ինչ տիպի բանակցություն է ընթանում, հիշեք, որ ընդամենը 1.5 տարի առաջ որևէ մեկը չէր խոսում Սահմանադրության փոփոխության մասին, հիմա Ադրբեջանը Ալիևի շուրթերով ուղիղ հայտարարում է, որ դա նախապայման է: Այս երկրում մի մարդ կա, ով ուղիղ հասանելիություն ունի Ալիևին, թող ասի գերիների հարցով նրան նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, շփվում են չէ՞ whatsapp-ով է, մեյլով է, չգիտե, թող ասի»- ասաց Վարդանյանը: