Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից, իսկ Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուսները հայրենասերներ են. Մամիջանյան (Տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից, իսկ Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուսները հայրենասերներ են. Մամիջանյան (Տեսանյութ)
Փետրվար 28 13:09 2025

Աշխատանքի բացակայությունը քողարկելու շատ լավ տարբերակ է ասել, թե «չենք խոսում, որպեսզի չվնասենք Բաքվում պահվող հայ ռազմագերին», ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով իշխանությունների մեկնաբանություններին։

«Այն խողովակները, որոնք ինձ համար տեսանելի են, դրանցով աշխատանքը կա՛մ շատ չնչին է, կա՛մ բացակայում է։ Արդյունքները զրոյական են, այսօրվա ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը պահանջներ ներկայացնելու տեսանկյունից ինձ համար անընկալելի լեքսիկոնով էր գրված։ Այն ավելի շատ նման էր փաստերի արձանագրման, քան պահանջի։ Տղե՛րք, ո՞ւր էիք, քանի՞ օր է անցել, ինչի՞ համար է դա նոր արվում։ Պարտադիր պետք է հասարակությունը ճնշի, նոր ԱԳՆ-ն հիշի, որ պետք է աշխատի՞։ Սա ինձ համար անընկալելի է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է իշխանության արձագանքներին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք էր հասկանալ՝ Ռուբեն Վարդանյանին ով և ինչ նպատակով էր ուղարկել Արցախ, Մամիջանյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից, իսկ Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս հայրենակիցները հայրենասերներ են։ Այդ ինչ հրեշ պետք է լինես, որ թողնես մարդը Բաքվում տանջվի, մտածելով, թե հետագայում ինքը կարող է քաղաքական ամբիցիա ունենալ կամ չունենալ։ Դա ինձ համար անընկալելի է»։