Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովից։
«Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցեւոյ) բոլոր քաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:
Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը եւ մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը:
Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- նշվում է ԱՀ ԱԺ-ի ֆոյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Երևանում ևս սեպտեմբերի 2-ին սպասվում է «Դիմադրության» շարժման հանրահավաքը: