Խրամորթցիները հացահատիկի բերքի 30-40 տոկոս են հավաքել․ կարկուտն ու երաշտը շատ են վնասել․ գյուղապետ


Խրամորթցիները հացահատիկի բերքի 30-40 տոկոս են հավաքել․ կարկուտն ու երաշտը շատ են վնասել․ գյուղապետ
Օգոստոս 19 09:15 2022

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը փոքր քայլերով բնականոն կյանքի է վերադառնում։ Գյուղ վերադարձած խրամորթցիներն առայժմ միայն տնամերձ հողատարածքներն են կարողանում մշակել։ Ցորենի բերքի մեծ մասն էլ այս տարի երաշտից ու կարկուտից փչացել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

«Գյուղատնտեսական աշխատանքներով մասամբ են կարողանում զբաղվել, միայն՝ տնամերձ հողատարածքներում։ Այս տարի կարկուտն էլ է շատ վնասել բերքին։ Ցորենի բերքի հազիվ 30-40 տոկոսն ենք հավաքել։ Մի մասը կարկուտն է փչացրել, մի մասն էլ՝ երաշտը»,-ասում է գյուղապետը։

Այս ամենով հանդերձ, Զորիկ Աբրահամյանն ուրախությամբ փաստում է՝ գյուղի բնակչության կեսն արդեն վերադարձել է, դպրոցն էլ սեպտեմբերին նորից կընդունի խրամորթցի աշակերտներին։

Հիշեցնենք, որ 2022թ․ մարտի 25-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Դրանից հետո ադրբեջանական ստորաբաժանումները՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, գրոհել են Քարագլուխ բարձունքի ուղղությամբ և դիրքավորվել նաև Քարագլխի տարածքում։ Առայսօր հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են դիրքավորված մնալ Քարագլուխ բարձունքում։ Նրանց ելման դիրքեր հետ շպրտելու ջանքերն առայժմ արդյունք չեն տվել։