5 մլրդ դոլար. Moderna-ի ղեկավար Նուբար Աֆեյանն առաջին անգամ ներառվել է Forbes-ի՝ Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցանկում


5 մլրդ դոլար. Moderna-ի ղեկավար Նուբար Աֆեյանն առաջին անգամ ներառվել է Forbes-ի՝ Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցանկում
Հոկտեմբեր 7 16:30 2021

Ամերիկյան Moderna ընկերության հիմնադիրներն առաջին անգամ ներառվե են Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցանկում, որն ամեն տարի կազմում է հեղինակավոր Forbes հանդեսը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, եռյակի՝ ցանկում ներառվելուն է նպաստել կորոնավիրուսային համավարակը, որի ֆոնին Moderna-ն դարձել է COVID-ի դեմ պատվաստանյութ արտադրողներից մեկը ու մեծ եկամուտ ունեցել:

Խոսքն ընկերության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի ու Ռոբերտ Լանգերի, ինչպես նաև վաղ ներդող Թիմոտի Սփրինգերի մասին է:

Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող Moderna-ի ներկայիս նախագահ հայազգի Աֆեյանի կարողությունը գնահատվել է 5, Լանգերինը՝  4,9, իսկ Սփինգերինը  5,9 մլրդ դոլար: Հատկանշական է, որ վերջինս միլիարդատեր է դարձել՝ տարիներ առաջ ընկերությունում մի քանի միլիոն դոլար ներդնելով:

59-ամյա Աֆեյանը Forbes-ի ցանկում զբաղեցնում է 212-րդ հորիզոնականը: Բեյրութում՝ հայ ծնողների ընտանիքում ծնված ինժեները 1975-ին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել է Մոնրեալ: Ըստ Forbes-ի, նա օգնել է սկսել ավելի քան 70 կենսական և տեխնոլոգիական բիզնես և բաժնետոմսեր ունի 12 հանրային առևտրով զբաղվող կենսատեխնոլոգիական ընկերություններում:

ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից Moderna-ի COVID-19 պատվաստանյութի հաստատումից հետո, կիրառվել է 152 միլիոն դեղաչափ: Ընկերությունն առաջինն էր, որ պատվաստանյութը փորձարկել է մարդկանց վրա՝ էլ ավելի բարձրացնելով իր արժեթղթերի արժեքը:

Չնայած համավարակի պատճառած տնտեսական վնասին (փակվել են հարյուր միլիոնավոր աշխատատեղեր), Ամերիկայի 400 ամենահարուստ մարդիկ հավաքականորեն 40 տոկոսով ավելի շատ գումար են վաստակել, քան 2020 թվականի Forbes-ի ցանկի մասնակիցները: