Ռուսական կողմը Լարսի ճանապարհահատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ է սկսել. շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Հարությունյանը։
Նշենք, որ հայ վարորդները բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին։
«Նախարարությունը ծանոթ է խնդրին։ Այն պայմանավորված է նրանով, որ Ճանապարհը որոշակի մասով անցանելի է։ Օրվա ընթացքում որոշակի բեռնատարներ ամեն դեպքում անցնում են։ Վրացական կողմի պնդմամբ 600-700 բեռնատար է, ռուսական կողմի պնդմամբ՝ 200-250 մեքենա։ Նախարարությունը հյուպատոսության հետ ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի առաջնահերթություն տրվի այն բեռատարներին, որոնցում փչացող բեռներ կան»,- ասաց մամուլի խոսնակը։
Սոնա Հարությունյանն ասաց, որ ճանապարհների շինարարական աշխատանքները տեւելու են մինչեւ 2023 թվականը։