SARS-CoV-2 կորոնավիրուսն անսպասելի հատկություն ունի: Որքան COVID-19-ով վարակված հիվանդն ավելի քիչ ախտանշաններ է ունենում , այնքան ավելի շատ վիրուսային մասնիկներ է արձակում շրջակա տարածություն: Փաստորեն ամենավտանգավոր հիվանդները վիրուսն առանց ախտանշանների կրողներն են: Գիտնականների կարծիքով, այս տարօրինակ հանգամանքը դժվարացնում է համավարակի տարածման կանխումը :
Զարմանալի եզրակացություն է արվել Infection ամսագրում հրապարակված գիտական հոդվածում:
Գիտնականները հետազոտել են COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացված 60 հիվանդների: Նրանցից 15 մարդ (այսինքն՝ 25%) վարակն առանց ախտանշանների կրողներ են եղել, իսկ մյուսների մոտ եղել են տարբեր ծանրության ախտանշաններ:
Հետազոտողները յուրաքանչյուր հետազոտվողից վերցրել են թքի, մեզի, արյան և հետանցքից նմուշներ: Բացի դրանից, քսուկներ են վերցվել քիթ-բերան- կոկորդից և բերանի խոռոչից:
Հակառակ հետազոտողների սպասելիք արդյունքների՝ վիրուսային ծանրաբեռնվածությունն ամենաբարձրն է եղել առանց ախտանշանների հիվանդների մոտ, ավելի ցածր՝ մեղմ ախտանշաններով հիվանդների և նույնիսկ ավելի ցածր՝ ծանր ախտանշաններով հիվանդների մոտ:
Դա զարմանալի է և միևնույն ժամանակ անհանգստացնող: Ի վերջո, թվում է, թե որքան ավելի շատ է վիրուսը բազմանում օրգանիզմում, այնքան ավելի մեծ վնաս պետք է հասցնի: Հիշենք, որ վիրուսը բազմանում է կրող բջջի ռեսուրսների հաշվին, և հաճախ դրա պատճառով բջիջը մահանում է:
Իհարկե, ստացված տվյալները պետք է ստուգվեն մեծ թվով հիվանդների վրա: Բայց եթե դրանք հաստատվեն, դա կօգնի բացատրել, թե ինչու է համավարակն այդքան ակտիվորեն տարածվում աշխարհով մեկ՝ չնայած իշխանությունների և հասարակ մարդկանց ձեռնարկած բոլոր միջոցառումներին: