Կոչ՝ ԱՄՆ կոնգրեսականներին՝ բարձրաձայնել Բաքվի կողմից բռնահանված հայության իրավունքների մասին


Կոչ՝ ԱՄՆ կոնգրեսականներին՝ բարձրաձայնել Բաքվի կողմից բռնահանված հայության իրավունքների մասին
Հուլիս 24 19:51 2025

 

 

 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

 

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամներ պաշտոնական նամակով դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով վերջինիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում ներգրավել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելով բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ։

 

Կոնգրեսականները նշել են, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը՝ տեղի ունենալով սննդի, վառելիքի, դեղորայքի և այլ մարդասիրական պարագաների տասնամսյա շրջափակումից հետո։ Ադրբեջանը նաև ձեռնարկել է քաղաքացիական գույքի և հանրային ենթակառուցվածքների լայնածավալ թալանում և քանդում՝ փորձելով «մերժել տարածաշրջանի տեղահանված հայ բնակչության վերադարձի հնարավորությունը»:

 

Կոնգրեսականները արձանագրել են, որ պատերազմի պատճառով տեղահանված բնակչության իրենց տները վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է: 2023 թվականի դեկտեմբերին Միջազգային դատարանը ժամանակավոր որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

 

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայակական միությունը ողջունում և բարձր է գնահատում ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ոտնահարման արձանագրման և դրանց վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքի համար։ Սակայն մենք ցանկանում ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման բնավ առաջին փորձը չէր։ 1988-1992 թթ․ Ադրբեջանը ամբողջությամբ հայազրկել է Գարդմանը, Շիրվանը, Նախիջանը։ Այս հակամարդասիրական քայլը չի արժանացել քաղաքական և իրավական հստակ գնահատականի, իսկ հարյուրհազարավոր փախստականների իրավունքները և դրանց պաշտպանությունը մնացել է առկախված տասնամյակներով։ Հետևաբար մենք կոչ ենք անում ԱՄՆ կոնգրեսականներին բարձրաձայնել նաև 1988-1992 թթ․ ադրբեջանական իշխանությունների կողմից բռնի տեղահանված հայության իրավունքների մասին՝ ձևակերպելով հստակ գնահատական 1988 թ․ Սումգայիթի, 1989 թ․ Գանձակի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին և կոտորածներին։