ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով թեժ գծով ստացվող հարցերը, իրազեկում է.
«ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID-թեստի պատասխանի ներկայացման պահանջ սահմանված չէ, եթե դա չի պահանջվում ավիափոխադրող կազմակերպությունների կողմից կամ մուտք գործելու երկրի նորմատիվ իրավական ակտերով։
Հիշեցնում ենք նաև՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջ սահմանված է ՀՀ մուտք գործելիս։
Եթե անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-ի բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։
Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը։
Միաժամանակ, ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման։
ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները, պայմանավորված համավարակով, շարունակում են ուժի մեջ մնալ՝ ըստ ՀՀ կառավարության 1514-ն որոշման։
Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ»,- նշված է տեսչական մարմնի գրառման մեջ: