Այս օրերին ՆԳՆ-ն զերծ է մնացել Մերձավանում հանցագործության բացահայտման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց, ինչը պայմանավորված է հետագա սուր իրավիճակներից խուսափելով, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ լրատվամիջոցներում որոշակի ինֆորմացիա է տարածվել, դրա համար էլ ՆԳՆ-ն որոշել է որոշ մանրամասներ ներկայացնել։
«Սեպտեմբերի 23-ին՝ 23։50-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մերձավանում հնչել են կրակոցներ։ Կարճ ժամանակ անց, նաև հիվանդանոցներից են ահազանգեր ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել է 3 անձ՝ 2-ը մահացած, մեկը՝ վիրավոր։ Այդ պահի դրությամբ ոստիկանության օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի անմիջական վայր՝ ՆԳ նախարարի գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գլխավորել է նախարարը։
Շտաբում ներգրավված են եղել ինչպես ՆԳՆ, այնպես էլ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Քրեական վարույթի շրջանակներում ՆԳՆ աշխատակիցները, համագործակցելով իրավապահ մյուս կառույցների աշխատակիցների հետ, ձեռնարկել են ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և արդյունքում անմիջական հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ։ Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործությանն առնչվող բացահայտ հիմքեր, այդ թվում՝ հանցագործության պահին օգտագործված դիմակը, ձեռնոցը, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք»,-նշեց Սարգսյանը։
Նա նաև ավելացրեց, որ հաշվի առնելով դեպքի հանրային հնչեղությունը, պարբերաբար հանդես կգան հայտարարություններով։
Հարցին՝ ինչո՞ւ պաշտոնանկ արվեց միայն Արմավիրի քրեական ոստիկանության պետը՝ Սարգսյանը պատասխանեց.«ՆԳՆ-ից միայն Բդոյանը չի պաշտոնանկ արվել։ Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ՆԳ նախարարը բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարումը և Արմավիրի մարզ այցելությունից հետո նախարարը մտահոգություն է հայտնել մարզում միջանձնային հարաբերությունների դեպքերի շուրջ կատարվող աշխատանքի վերաբերյալ և հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից բառացիորեն օրեր հետո ծառայությունից ազատվել է մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը»։