Հնարավո՞ր չէր կանխել Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը, քանի որ տրամաբանությունը հուշում էր` կարող է լինել վենդետա


Հնարավո՞ր չէր կանխել Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը, քանի որ տրամաբանությունը հուշում էր` կարող է լինել վենդետա
Սեպտեմբեր 27 16:14 2025

«Այս տարվա 6 ամսվա աշխատանքի ամփոփման ընթացքում ներքին գործերի նախարարը  մտահոգություն էր հայտնել Արմավիրի մարզում միջանձնային լարված հարաբերությունների շուրջ, հանձնարարել էր ակտիվացնել աշխատանքները»,- ճեպազրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Մերձավանում սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ոստիկան ընկերոջ սպանությանը։ 

Նա նշեց, որ աշխատանքների ամփոփումից հետո սեպտեմբերի  սկզբին ծառայությունից ազատվել էր մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը։

Նա հայտել էր՝ սեպտեմբերի 23-ի սպանության քննվող վարկածն այն է, որ փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է,  որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։

Հարցին՝ հնարավո՞ր չէր կանխել սեպտեմբերի 23-ի դեպքը, քանի որ տրամաբանությունը հուշում էր, որ կարող է լինել վենդետա, Ն. Սարգսյանն ասաց. «Մերձավանում հենակետեր են եղել, հերթապահություն է իրականացվել։ 

Փետրվարի դեպքից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերություններ ունեցող անձանց հետ։ 

Տասնյակ անգամից ավելի ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ-որ ժամի ինչ-որ հատվածում պետք է հավաքվեն, հերթական անգամ հարաբերություններ պարզեն։ Անձինք հայտնաբերվել են, ներկայացվել բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել»։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։

Այսօր ՔԿ-ից հայտնեցին, որ  Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։