Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Tesla»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր


Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Tesla»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր
Սեպտեմբեր 27 14:51 2025

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Կիևնան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ թունելի մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանն ու նույն դասակի կրտսեր պարեկ Շողիկ Կիրակոսյանը, «Tesla»-ի վարորդը ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Վիրավորին օգնություն ցուցաբերելուց հետո դասակի հրամանատարը ահազանգել է շտապօգնությում և երբ բժիշկները վիրավորին տեղափոխել են, նա և կրտսեր պարեկ Շ. Կիրակոսյանը երթևեկությունը կարգավորել են, մինչև որ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ «Tesla»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Lada»-ի վարորդը, ով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Կիևյան փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Tesla»-ին։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։