«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք համերգ՝ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով։ Վարչապետը սա անվանել է «կյանքի, խաղաղության ցնծություն» և հայտարարեց, թե սա «իրական Հայաստանի, իրական մարդկանց կյանքի ցնծությունն» է։ Սակայն հարց է առաջանում․ իսկ մինչև այս իշխանությունը համերգներ չէի՞ն լինում։ Մինչև 2018 թվականը Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային աստղերի ու մեծամասշտաբ համերգներ ունեցել, որոնք հազարավոր մարդկանց են հավաքել։ Սերժ Թանկյանի ու «System of a Down»-ի համերգները, Շառլ Ազնավուրի վերջին ելույթը Երևանում, Խորխե Բուկայի այցերը, Յուրի Բաշմետի դասական համերգները, ինչպես նաև միջազգային փառատոները, որոնք դարձել էին մշակութային կյանքի կարևոր իրադարձություններ։ Այսինքն՝ մարդկանց ուրախությունը նոր չէ․ այն եղել է նաև նախկինում։ Մշակութային տոնը, երաժշտությունը և հանդիսատեսի բազմությունը կախված չէ իշխանության քաղաքական գովազդից։ Ցնծություն՝ քաղաքականացված լույսի տակ Փաշինյանի գրառման մեջ վտանգավորն այն է, որ համերգները ներկայացվում են որպես իշխանության «խաղաղության հաղթանակի» ապացույց։ Բայց արդյո՞ք կարելի է իրական կյանքի դժվարությունները՝ գնաճը, գործազրկությունը, սահմանային լարվածությունները, առողջապահության ու կրթության համակարգերի խնդիրները, ծածկել միայն երեք համերգի բեմական լուսարձակով։ Իրականության մեջ մարդիկ կարող են գնալ համերգների, բայց դա չի նշանակում, թե սոցիալական խնդիրները լուծված են։ Ցնծությունը չի վերացնում թանկացումները, չի ապահովում անվտանգություն և չի բարձրացնում մարզաբնակների կյանքի որակը։ Իրականում մշակութային միջոցառումները պետք է լինեն ժողովրդի առօրյայի մասը, ոչ թե իշխանական քարոզչության գործիք։ Հայաստանի քաղաքացիները ուրախացել են և ուրախանալու են անկախ այն բանից՝ ո՞վ է կառավարում երկիրը։ Իսկ վարչապետի այս գրառումը ավելի շատ հիշեցնում է իրականության խեղաթյուրում, քան ժողովրդի կյանքի իրական նկարագիր»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: