Փաշինյանի երեկվա գրառումներից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ չի իր գործառույթին․ Լևոն Զուրաբյան


Փաշինյանի երեկվա գրառումներից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ չի իր գործառույթին․ Լևոն Զուրաբյան
Օգոստոս 18 09:26 2025

Նիկոլ Փաշինյանն վերադարձավ արձակուրդից և անմիջապես արեց երեք գրառում, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ (համարժեք) չի իր գործառույթին: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Առաջին գրառումը վկայում է այն մասին, որ Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Արկադի Դումիկյանի համերգներին եկած մարդկանց թիվը Փաշինյանը ներկայացնում է որպես իր կողմից «Իրական Հայաստան» հորջորջված խաղաղության հաստատման քաղաքականության արդյունք: Երկրորդ գրառումով, արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներին, մեզանից բոլորիցս ներողություն է խնդրում իր հրապարակային անպարկեշտ հայտարարությունների համար, խոստովանելով, որ չի կարողացել պատշաճ կերպով կառավարել իր «էմոցիաները»: Երրորդ գրառումով, սաղմոսի միջոցով, Փաշինյանն Աստծուց մեղքերի թողություն է խնդրում իր անօրենության և այդ մեղքերի ամբարշտության համար: Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Փաշինյանի մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը, փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը, կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները: Մեծ հաշվով, մենք գործ ունենք Հայաստանը կառավարող ծաղրածուի՞ թե ծանր ապրումների մեջ գտնվող հոգեկան հիվանդի՞ հետ, այդքան էլ կարևոր չի: Խոսքը իրականում վարչապետի գոծունակության մասին է, որը մեր օրենսդրությունը նկարագրում է հետևյալ կերպ. անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե 1) նա տառապում է հոգեկան խանգարումով, 2) չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Ցավոք սրտի, ի տարբերություն օրինակ ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ իրավաբաններին արձագանքել»,-գրել է Զուրաբյանը։