Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը ԱԱԾ մեկուսարանից.
«Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ
Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ։
Գոհություն և փառք Ամենակալին՝ իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության և մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ և աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել:
Շնորհակալություն նաև ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան և մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած:
Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, և մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված:
Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջև, որի հանցավոր անտեսումով և ոտնահարումով դատում են ինձ հիմա:
Եվ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց և իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։
Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»:
Մեր սերը և ողջույնները մեր սիրելի ժողովրդի զավակներին։
Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»:
Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է»