Ես ոչ մի հանցանք այս աշխարհում, այս պետության առջև չեմ գործել, 12 տարեկանում կամավոր ազատությունները սահմանափակած անձին վախեցնել անազատությամբ՝ ծիծաղելի է. Միքայել սրբազան


Ես ոչ մի հանցանք այս աշխարհում, այս պետության առջև չեմ գործել, 12 տարեկանում կամավոր ազատությունները սահմանափակած անձին վախեցնել անազատությամբ՝ ծիծաղելի է. Միքայել սրբազան
Օգոստոս 15 16:44 2025

Ես երբեք ավելի ազատ չեմ եղել, քան այս 50 օրը. դատարանում հայտարարեց Միքայել սրբազանը։

«50 տարի առաջ ընտրել եմ եկեղեցական ասպարեզը, երբ ընդամենը 12 տարեկան էի և այստեղ՝ սրահում մեծ մասը ծնված չէր, և ես 12 տարեկանում կամավոր սահմանափակել եմ իմ ազատությունը՝ ընտրելով հոգևոր ասպարեզը։ Այսինքն՝ վախեցնել կամավոր ազատությունները սահմանափակած անձին այս անազատությամբ՝ պարզապես ծիծաղելի է։ Բայց դարձյալ շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունը տվեց, որ ես հասկանամ՝ ինչպես կարելի է թվացյալ ազատության մեջ լինել լիակատար ազատ»,-ասաց Սրբազանը։

Նա նշեց՝ իշխանության նպատակն իրենց խոշտանգելն է․ «Բայց մենք չենք խոշտանգվում»։

Սրբազանն ասաց, որ լավ կլինի՝ օգոստոսի 17-ին բաց թողնեն իրեն, որ գնա խաղողօրհնեքի․ «Թեև պատմությանս երազանքը չէ, 50 տարի է՝ դրա մեջ եմ, 50 օր էլ կարող եմ չմասնակցել»։

Նա նշեց, որ ինքն այն կեցվածքը չի դրսևորի, որ խնդրի դատարանին՝ «լավ էլի, մեզ բաց թողեք»։ «Ես ոչ մի հանցանք այս աշխարհում և այս երկրի դեմ ու պետության առջև չեմ արել»,-հայտարարեց նա։

Նշենք, որ այս պահին քննվում է Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցը։