Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարի ստացել է 16,4 մլն դրամ եկամուտ, որից մոտ 14 միլիոնը կենսաթոշակն է, 2,4 մլն դրամը՝ «Փափայա» ՍՊԸ-ից ստացված տարածքի վարձակալության վճար։ Այս մասին գրում է Factor.am-ը:
Տեր-Պետրոսյանի՝ որպես կուսակցության ղեկավար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երևանում ունի առանձնատուն, հողամաս և 3 հասարակական նշանակության շինություն, որոնցից մեկը 2024-ին նվիրել է որդուն՝ Դավիթ Տեր-Պետրոսյանին։ Նա հայտարարագրել է 1998 թվականին նվիրատվություն ստացած LINCOLN մակնիշի ավտոմեքենա։
Ուշագրավ է, որ 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ թանկարժեք գույք չէր հայտարարագրել, իսկ ահա 2024 թվականի հայտարարագրում նշել է 3 գեղանկար, յուրաքանչյուրը՝ 4 մլն դրամ արժողությամբ, որոնք նվիրատվություն է ստացել՝ 2000, 2002 և 2005 թվականներին։ ՀԱԿ նախագահի բանկային հաշվին, 2024-ի տարեվերջի դրությամբ, եղել է 2010 դոլար և 119,5 դրամ, կանխիկ միջոցները՝ 4 մլն դրամ։