Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական նախաձեռնության մանրամասները․«Ժողովուրդ»


Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական նախաձեռնության մանրամասները․«Ժողովուրդ»
Օգոստոս 18 08:35 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ձևավորվող նոր քաղաքական ուժի շուրջ սկսում են համախմբվել հանրային դաշտում հեղինակություն վայելող և հասարակության կողմից դրական ընկալվող տարբեր գործիչներ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում սպասվում են որոշակիորեն անակնկալ զարգացումներ․ խոսքը վերաբերում է այն անուններին, որոնք կարող են լրջորեն փոխել ձևավորվող ուժի հանրային ընկալումը։ Հատկանշական է, որ գործընթացն ընթանում է այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ներով փաստացի կառավարվող դատարանը կրկին երկարացրել է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սա թերևս ազդակ է, որ Կարապետյանի շուրջ ընթացող գործընթացները մտահոգում են իշխանություններին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձևավորվող նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ կհամախմբվեն ոչ միայն գործարար միջավայրի ներկայացուցիչներ, այլև ակադեմիական ու հասարակական շրջանակների հեղինակավոր դեմքեր։ Սա թույլ կտա ուժին ներկայանալ ավելի լայն օրակարգով և հնարավորինս արագ հաստատվել ներքաղաքական դաշտում։ Գլխավոր խնդիրը, որ դրված է (այս մասին«Ժողովուրդ»-ը գրել էր դեռ հուլիսի 25-ին), այն է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ որևէ միավորում չի լինելու ընտրական որևէ փուլում, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: