Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։