Հայ ժողովուրդը հեղեղելու է փողոցները


Հայ ժողովուրդը հեղեղելու է փողոցները
Հունիս 7 16:55 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացվել ու վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը։

 

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը այս առնչությամբ գրել է․

 

«4 տարվա մեջ առաջին անգամ Նիկոլին ռադ անելու շատ կոնկրետ քայլ է արված: Կոնկրետ էն կարգի, որ չափազանց պարզ է, թե Նիկոլին ռադ անելու գործում իրոք շահագրգիռ մարդկանցից ու խմբերից ով ինչ պետք է անի, որ արդյունքը լինի դրական:

 

ա) Աժ ընդդիմադիր բոլոր 34 պատգամավորները պետք է ստորագրեն անվստահության նախաձեռնությունը, ինչպես հայտարարել ու խոստացել են, հետո ելույթ ունենան այդ պատմական նիստում ու հիմնավորեն, թե ինչու Նիկոլը պիտի ռադ լինի հենց հիմա: Հետո արդեն, բնականաբար, կողմ քվեարկեն:

 

բ) Բոլոր ընդդիմադիր կազմակերպված խմբերն ու կուսակցությունները պետք է մի կողմ դնեն երկրորդական-երրորդական հարցերում իրենց տարաձայնությունները, հին ու նոր բոլոր զգացողություններն ու երկու-երեք օր շարունակ, ուս ուսի տված, հեղեղեն հանրապետության փողոցները՝ աննախադեպ հանրային ճնշում գործադրելով ՔՊ պատգամավորների վրա, որոնցից շատերը, հավատացեք, բառի բուն իմաստով Նիկոլի անպատիվ պատանդի դերում են և մեր չափ երազում են օր առաջ այդ ամոթալի կարգավիճակից ազատագրվելու մասին:

 

գ) Վարչապետի թեկնածուն՝ այս դեպքում Դավիթ Համբարձումյանը, ով 2018 թ. սկսած շատերի նման չի չոքել Նիկոլի դիմաց ու հաղթել է նրան ընտրություններում, պետք է հանդիպի նախ Հայաստան խմբակցության, ապա անկախ ու ՔՊ խմբակցության պատգամավորների հետ, ընդդիմադիր դաշտում դիրքավորված խմբերի ու ակտիվիստների հետ՝ բյուրեղացնելու կոնկրետ նպատակին միտված ներընդդիմադիր առավելագույն համերաշխություն, համաձայնություն ու միաբանություն:

 

դ) Նախաձեռնության հեղինակներն իրենց հերթին պետք է շարունակեն իրենց սկսած այս փայլուն գործը, համադրեն ու համախմբեն բոլորին և, իհարկե, կազմակերպեն հանրության սարսափելի ճնշումը վճռական այդ 2-3 օրերի ընթացքում, հատկապես ԱԺ այդ պատմական նիստին զուգահեռ:

 

ե) Ես ու ինձ նման հարյուր հազարավոր քաղաքացիներս էլ այդ 2-3 օրը, ամեն ինչ մի կող դրած, միասին պիտի ձիգ կանգնենք հրապարակներում ու փողոցներում, մեր հավաքական ուժով ու կամքով ՔՊ պատգամավորներին ճնշելու՝ կողմ քվեարկել Նիկոլին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

 

զ) Թերահավատները, Նիկոլին վարչապետի աթոռին սոսնձված պահելու բաց ու քողարկված կողմնակիցները, զգուշավորներն ու տատանվողներն էլ պետք է այդ ընթացքում քննադատեն, հազար պոզ ու պոչ կպցնեն պրոցեսին ու թեկնածուին, համ նալին համ մեխին խփեն, մինչև ԱԺ նիստում կտեսնեն քվեարկության դուրեկան պատկերը՝ Նիկոլը հեռացված է, որ արագ ջնջեն հետքերն ու իրենց գրառումները, հագնվեն, իջնեն հրապարակներ, սիրուն ֆոտոներ անեն ու իրենց էջերում դնեն՝ որպես ապացույց, թե ինչպես իրենք հազիվ ազատվեցին խև պապուասի դիկտատուրայից:

 

Հ.Գ. «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 պատգամավոր: Բոլորը ստորագրելու են: Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում կապահովվի ևս երկու ստորագրություն անկախ կամ դեռևս ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից: Կլինի 8: Հետո արդեն «Հայաստան» խմբակցությունը կտա իր 28 ստորագրությունը, ինչպես խոստացվել է, և 36 ստորագրությամբ նախաձեռնությունը կմտնի խորհրդարան՝ սահմանված նեղ ժամկետում դրվելով պարտադիր քվեարկության: Սա էլ հարցի մաթեմատիկան կողմը:

 

Իսկ դա նշանակում է, որ 4 տարվա անպտուղ պայքարից, հալածանքներից ու չընդհատվող պարտություններից հետո առաջին անգամ Նիկոլի ճակատագիրը կախված կլինի ոչ թե իրենից՝ հրաժարական կտա՞, թե՞ չի տա, այլ պատգամավորներից: Իսկ դա ընդամենը 20-30 վայրկյան է:

 

ՄԵԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՆԻԿՈԼ ԿԱՊՈՒՏ:

 

Ես կասկած չունեմ՝ երբ գա ԱԺ նիստում քվեարկության օրը, հայ ժողովուրդը հեղեղելու է փողոցները: Ու չզարմանաք, եթե ՔՊ խմբակցությունում անգամ երկու հոգի չգտնվեն, որ նման մթնոլորտում Նիկոլին աջակցող կես բառ կասեն կամ դեմ կքվեարկեն նախագծին:

 

Որ փրկվի ու ապրի Հայաստանը: Որ վերածնվի հայը»: