«Հայաստան» դաշինքի ցուցակով 2021-ին Խորհրդարան գնացած Գեղամ Նազարյանը այսօր չի հերքել, որ հանուն պետության ու ազգի կարող է միանալ այն քաղաքական ուժին, որի դեմ պայքարի համար մանդատ է ստացել 2021-ին ու հայտնվել Խորհրդարանում։
Այսօր նա, ըստ էության, «հանուն ազգի» պատրաստ է ՔՊ-ում տեղավորվել եւ ըստ ամենայնի, 2026-ին էլ Խորհրդարան կգնա իշխանական հայտով եւ հավանաբար արդեն կպայքարի նախկին գործընկերների դեմ։
«Սկզբունքային» ընդդիմադիր գործչի տրանսֆորմացիան «նիկոլականի» չորս տարվա ընթացքում այնքան թռիչքաձեւ ու շշմեցնող է, որ մնում է եզրակացնել, թե Նազարյանը դարձյալ մի նոր տեսիլք է տեսել եւ վաղը եւեթ կհայտարարի՝ անդամագրվում է ՔՊ-ին, որովհետեւ այդպես իրեն որդին՝ Աբգարն է ասել։
Գեղամ Նազարյանի «նիկոլացումը» միայն զավեշտալի կլիներ, եթե նա չլիներ 44 – օրյա պատերազմի զոհերից Աբգար Նազարյանի հայրը: Հենց նույն հանգամանքով պայմանավորված էլ Գեղամ Նազարյանին շատ հաճախ չէին թիրախավորում ընդդիմադիր գործիչները, իսկ լրագրողները հաճախ «զարկերը բաշխում էին»․․․
Բայց Գեղամը ոչ միայն դավաճանել է որդուն՝ Աբգարին, սեփական սկզբունքներին ու առաքելությանը, այլեւ այն հերոսների ընտանիքներին, որոնց թողտվությամբ, իր իսկ բնորոշմամբ, գնացել էր խորհրդարան՝ խոստանալով նրանց վրեժի պայքար, լինել նրանց ու զոհերի ներկայացուցիչը , պարզելու ճշմարտությունը, բացահայտելու պատերազմի հանգամանքները, նայելու նիկոլականների աչքերի մեջ, հարցնելու՝ ինչու զոհվեցին տղերքը․․․
Նիկոլի հաղթանակը պայմանավորելով չարի հաղթանակով՝ նա բացատրում էր, որ «Աստծուց հեռացել ենք, չարը հաղթել է , դրա համար էլ եկել է Նիկոլը»։ Խոստանում, որ չի լինելու «կոնյունկտուրային պատգամավոր, եւ չի տրվելու ստվերային գործարքներին», հրապարակավ դիմում էր հղում ՔՊ-ականներին եւ հարցնում․
«Աբգարս ո՞ւր է, տղերքն ո՞ւր են, Շուշին ո՞ւր է, Հադրութս ո՞ւր է, մեր հրաշք Վարդենիս Քարվաճառ ճանապարհն ո՞ւր է, Գորիս Կապան ճանապարհն ո՞ւր է։ Ուր են, ուր։ ԱՍՏՎԱԾ կա ու նրա առջեւ կանգնելու եք, բայց մինչ այդ էս երկրի վրա եք պատասխան տալու»։
Իսկ տեսնես ինքը հիմա պատասխաններ ունի՞․․․ ու՞ր են Աբգարը, Շուշին, Հադրութը։ Երկրի վրա նա պատասխաններ կան․ ասում է՝ Աբգարը երազ է եկել եւ Նիկոլին վաղուց ներել է, հրապարակավ հերքում է՝ կառավարությունում նա չի հանդիպել Փաշինյանին, դաժան քննադատում է իր նկատմամբ զրպարտիչներին, ասում է իր համար, ընտանիքի համար ցավալի է, երբ կարդում են, որ Գեղամ Նազարյանին Նիկոլ Փաշինյանը 3,5 մլն դոլար է տվել, որ ֆրակցիայում բաժանի, կամ որ իբր Կիրանցում ճանապարհ փակողներին ցրել է։
Իսկ հետաքրքիր է՝ ինչ է նա ասում Աբգարին, երբ մենակ են լինում՝ երկուսով, երբ հայտնվում է նրա սառը, անկենդան, ժպտացող ու խելացի աչքերին՝ տապանաքարի մոտ․․․ ի՞նչ է նա ասում Եռաբլուրին․․․
Սեփական սկզբունքները, պատիվը, արժանապատվությունը կեղտոտ տրեխներով տրորելը մի բան է, բայց պարզվում է ավելի սրիկաբարո հանցանքներ կան աշխարհում․․․
Զոհված որդու արյամբ մյուս զոհերի հարազատներից մանդատ ստացած մարդը մի՞թե պատրաստ է նաեւ իրեն «զոհել» խորհրդարանում հայտնվելու համար։ Ի վերջո, ինչի՞ համար, պատգամավորական մանդատի՞, պաշտոնի՞։ Բայց նա ամենավեհ ու բարձր պաշտոնն ուներ՝ նա մեր բոլորի համար հերոս Աբգարի հայրն էր։
Բայց ՔՊ-ին անդամագրվելուց առաջ առնվազն պետք է հրապարակավ ներողություն խնդրի․․․Ո՛չ, զոհերի հարազատները դրա կարիքը չունեն։ Նա պետք է բոլորի համար ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանից, որպեսզի գալիք ընտրություններին ընտրողը լա՛վ իմանա՝ ով է այս մարդը։
Իսկ նրան ընդդիմադիր մանդատով ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավոր «սարքած» «Հայաստան» դաշինքը առնվազն մի քանի հարցի բացատրություն պետք է տա․
Նախ՝ ումո՞վ ու ինչպե՞ս էին «կրելու», երկրորդ՝ դեռ քանի՞ Գեղամ Նազարյան կա իրենց շարքերում, ովքեր պատրաստ են գնալ ՔՊ եւ հրաժարվել իմպիչմենտից։ Եւ երրորդ՝ հնարավո՞ր է արդյոք ամբողջ ֆրակցիայով հրաժարվեն իմպիչմենտից ու գնան ՔՊ՝ հանուն «ազգի ու պետության»։
Իսկ առայժմ հռետորական հարց, կիսում է արդյո՞ք Նազարյան Գեղամը Աննա Հակոբյանի այն տեսակետը, որ տղաները զոհվել են հանուն ոչնչի։ «Հանուն ազգի» այս հարցի պատասխանն էլ թող հնչեցնի։