ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարծում, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միանման է։
Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ նա հիշեցրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է «պատուհաս»։
«Իհարկե, այսօրվա Հայաստանի կառավարիչը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, բայց ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներն էլ են եղել այդ թիմում, այսինքն՝ բոլորին խառնել ինչ-որ մեկին վատաբանելու համար՝ ես համաձայն չեմ»,- ասել է նախագահ Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ 2008 թվականից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերշխ չէր ու, իր համոզմամբ, հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է։
Երբ 3-րդ նախագահին հիշեցրել են, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ հակաարցախյան տեսակետ ուներ դեռ 1990-ականներից՝ նա արձագանքել է. «Եթե ինքն այդ ժամանակվանից հակաարցախյան ու հակահայկական տրամադրություններ ուներ, կարո՞ղ է 2018 թվականին ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինքն ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություններն՝ կենցաղից սկսած մինչև ռազմական գործողություններ։ Բա եթե ինքն այդպիսի տրամադրություններով էր ամբողջովին տոգորված, ինչո՞ւ 2016 թվականի մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու, ապրիլյանը տևել է 4 օր՝ ապրիլի սկզբից, բայց իրենք գնացել են խրամատ փորելու մայիս ամսին, դրա համար եմ ասում՝ մայիսին մասնակցել են ապրիլյան պատերազմին»,- ասել է ՀՀ 3-րդ նախագահը։
Նա նշել է՝ ՔՊ-ականներն այնքան արատներ ունեն, որ լրացուցիչ բան վերագրելը նրանց ավելի բացասական չի դարձնի։