Մեր դատախազությունը, պարզվեց, ռեկորդակիր է. պատրաստվում եմ դատարանին միջնորդել, որ որևէ 2-րդ դասարանցու հրավիրեն որպես փորձագետ. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)


Մեր դատախազությունը, պարզվեց, ռեկորդակիր է. պատրաստվում եմ դատարանին միջնորդել, որ որևէ 2-րդ դասարանցու հրավիրեն որպես փորձագետ. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)
Ապրիլ 29 16:19 2025

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նույնպես անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

«Այո՛, ես էլ եմ անցնում նման գործով, դատախազությունն իմ դեմ ներկայացրել է հայց, գործը հիմա քննվում է»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ ինքը 1995 թվականից է զբաղեցնում պաշտոն, ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, այնպես որ՝ իր պարագայում խոսքը վերաբերում է նախորդ 30 տարվան։

«Եթե որևէ մեկը 10 րոպե տրամադրի իմ 30 տարիներից յուրաքանչյուր տարուն, կարծում եմ՝ իր մոտ այլևս հարց չի ծագի, թե իմ գույքերը, տեսականորեն, կարող են լինել ոչ օրինական»,- ասաց Հարությունյանը՝ վստահեցնելով՝ մի օր հանրությանը կներկայացնի, թե ինչի մասին է խոսքը։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ վերջերս Դատախազությունը դատարանում նշել է, թե իր մոտ հայտնաբերել են որոշակի օրինական եկամուտներ։

«Եթե օրինական են, ուրեմն հայցը պետք է պակասի, եթե չպակասեց, նշանակում է՝ անարդար մոտեցում կա։ Մեր դատախազությունը, պարզվեց, ռեկորդակիր է, որովհետև, հայտնաբերելով լրացուցիչ օրինական եկամուտներ, որոշեց, որ դրա արդյունքում հայցը պետք է ավելանա։ Ես պատրաստվում եմ դատարանին միջնորդել, որ որևէ 2-րդ դասարանցու հրավիրեն որպես փորձագետ, որովհետև բացարձակապես 2-րդ դասարանի թվաբանության գիտելիքները թույլ կտան կատարել գումարել-հանելը»,- մանրամասնեց նախկին նախարարը։

Հարությունյանն իր հայցադիմումում 237 «տարօրինակ բան» է հայտնաբերել։

«Շարունակում եմ փնտրտուքը»,- հավելեց նա։