Ինչպես սիրում է պարոն քաղաքապետն ասել՝ առաջն Աստված. Շիրակի թեմի առաջնորդը հորդորեց օգնել և չքծնել Վարդան Ղուկասյանին


Ինչպես սիրում է պարոն քաղաքապետն ասել՝ առաջն Աստված. Շիրակի թեմի առաջնորդը հորդորեց օգնել և չքծնել Վարդան Ղուկասյանին
Ապրիլ 19 13:22 2025

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս ներկա էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը։ Սրբազանն ասաց, որ քաղաքապետերից որևէ մեկի երդմնակալության արարողությանն ինքը չի մասնակցել, որովհետև մտածել է, որ մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ։ 

 

«Թե ով է կարևոր այս քաղաքում՝ այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, բոլորս առաձին վերցրած կարևոր ենք, Շիրակի թեմի առաջնորդը կարևոր է իր տեղում, քաղաքապետը՝ իր տեղում, մյուսներն՝ իրենց տեղերում։ Կարծում եմ՝ միշտ էլ պատրաստ ենք եղել լինել այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա, եթե քաղաքային իշխանությունը գտնում է՝ մեր ներկայությունն անհրաժեշտ է՝ մենք այնտեղ ենք, թեև Ավագ շաբաթի այս օրը մեզ հնարավորություն էր ընձեռում, որ այստեղ չլինեինք»,-ասաց նա։

 

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ Վարդան Ղուկասյանի հետ, հակասական բնավորություններով հանդերձ, իրենց միավորում է այս քաղաքի նկատմամբ սերը, նվիրվածությունը․«Այսուհետ էլ շատ հարցերում մնալու ենք տարբեր»։

 

Նա հորդորեց ավագանու անդամներին օգնել քաղաքապետին, որպեսզի իր գործողությունը կարողանա ծավալել։ «Եղեք տարբեր, հակառակվեք, քննարկեք, բայց գործի մեջ եղեք գործակից, լծակից»,-ասաց նա՝ նշելով, որ խոսքը հատկապես բացականերին է վերաբերում։

 

«Քիչ գովեք պարոն քաղաքապետին, քիչ շողոքորթեք, շողոքորթներ կան, քիչ քծնեք, մի ասեք՝ դու թագավոր ես՝ թագավոր կմնաս․ շատ ասողներ կան։ Այդ հորդորս նաև քեզ է, չթողնե՛ս»,- ասաց սրբազանը՝ դիմելով նաև Վարդան Ղուկասյանին։ Նա նշեց, որ անսխալական և կատրյալ մարդ չկա աշխարհում։ 

 

«Ինչպես սիրում է պարոն քաղաքապետն ասել՝ առաջն Աստված», - նշեց նա