Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել էր Կիրանց:
Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե որտեղ էին գյուղի բնակիչներն այդ ժամանակ:
Նազարյանը լրատվամիջոցին ասել է․ «Նիկոլ Փաշինյանը դպրոց էր եկել, դպրոցն իմ տան մոտ է, բայց ես չեմ ուզում նրա երեսը տեսնել։ Իմանալով, որ գալու է, գյուղից բացակայել եմ: Ինչ-որ մարդկանց հետ է այցելել դպրոց, անգամ դպրոցի ամբողջական անձնակազմը ներկա չի եղել այդ հանդիպմանը, ընդամենը մի քանի հոգի, ու վերջ:
Մեր գյուղացիք ոգևորված չեն նրա այցերից, չեն էլ ուզում տեսնել իրեն, բայց խոսակցությունն այնպես է գնացել, որ մարդկանց հետ հանդիպելու կարիք չկա էլ, ընդամենը դպրոց եմ մտնելու և գնամ:
Ավտոբուսներով մարդկանց են բերել, բայց թե ովքեր են, ոչ մեկին չենք ճանաչում: Եկել էին հիանալու, բայց ի՞նչ հիանալու բան կա Կիրանցում: Նա հիանալու փոխարեն ամոթից պետք է լաց լինի, բայց դե, այդ մարդը այսպիսին է, մենք չենք կարող իր մտքերը փոխել:
Մի անգամ, նախորդ տարի եկավ, գյուղում բոլորը իրեն արհամարհեցին։ Եկավ, որ ժողովրդի հետ հանդիպի, մեջքով շրջվեցին ու գնացին տներով: Մարդիկ չեն ուզում տեսնել Նիկոլին, չեն ուզում խոսել իր հետ, անիմաստ են համարում:
Մի մարդ, որ կանգնի, ասի՝ Կիրանցի տարածքները մերը չեն, Ադրբեջանինն են, որ ասի՝ մեր քարտեզները կեղծ են, Ադրբեջանինը՝ ճիշտ են, այդ մարդու հետ էլ ի՞նչ խոսենք: Նրան ասելու բան չկա», - ասել է Կիրանցի բակիչը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում