Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2025 թվականի մարտի 29-ին Ազգային ժողովի շենքում հարցազրույց է ունեցել Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ։ Վերջինս ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահը ոնց է վերաբերվում մարիխուանային։
«Ոչ մի ձև չեմ վերաբերվում։ Համարում եմ, որ դա նույնպես «կոնտրոլի» կարիք ունի և այդ «կոնտրոլը» աչքերը փակելը չի ու ջայլամի քաղաքականությունը չի»,-նշեց նա։
Հովհաննես Մովսիսյանը նկատեց, որ Ալեն Սիմոնյանը ժամանակին ասել է, որ պետք է օրինականացնել։
«Ես հիմա էլ եմ համարում, որ պետք է օրինականացնել»,-ասաց ԱԺ նախագահը, իսկ թե ինչու չի սկսում գործընթաց, ասաց, որ չի կարողանում մարդկանց համոզել։ Նրա խոսքով` հենց այդ գործըթացը պետք է կարողանալ «կոնտրոլ» անել։
«Ես կարծում եմ պետք է օրինականացնել, կա բայց օրինական չի և դա շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում։ Աշխարհը չի կարողնում դրա դեմ պայքարել և աշխարհը գնում է դրան, որ դա օրինականանա։ Ամեն տարի մեկ-երկու երկիր օրինականացնում է։ Գիտես ի՞նչ․ մենք ունենք օղի, որը շատ ավելի վատ ազդեցություն է թողնում և փորձեր եղել է մի քանի անգամ «սուխոյ զակոն» գաղափարը մտցնել։ Մի անգամ ԱՄՆ-ում է եղել, մեկ անգամ Սովետական Միությունում։ Ցույց է տալիս, որ մարդկությունը չի կարողանում այդ հարցը լուծել և դա նշանակում է, որ պետք է կառավարել։ Իսկ ավելի վատ բաներին, չեմ ուզում անունը տալ, կատեգորիկ վատ եմ վերաբերվում, որ ամենադաժան պայքարը պետք է իրականացվի»,-ասաց նա։
ԱԺ նախագահն ասաց, որ մարիխուանա օգտագործել է, բայց ավելի ծանր բան չի օգտագործել։