Ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը. Ալեն Սիմոնյան


Ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը. Ալեն Սիմոնյան
Մարտ 17 14:33 2025

«Այն խաղաղության պայմանագրի հարցում չհաջողության մասին պնդում անելու առումով բավարար չէ և հիմքեր չկան։ Իմ մասնավոր կարծիքն է, որ այն արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, թե հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա»,-ԱԺ-ի ճեպազրույցների սրահում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսնակը նման ձևով արձագանքեց լրագրողի հարցին, թե  սահմանին կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն արդյոք կապված է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար։

Սիմոնյանն ասաց, թե Ալիևի հայտարարությունն իր համար զարմանալի է, քանի որ հայկական կողմի գործելաոճը՝ հրապարակային գործելը, հակառակի մասին է խոսում։

Նրա խոսքով՝ կրակոցների մասին ապատեղեկատվություն տարածելով՝ Բաքուն ադրբեջանի հանրությանը ապացուցում է, թե հայկական կողմի հանդեպ անվստահության վերաբերյալ Ալիևն ինչ ասում է, ճիշտ է։

«Մեր ընդդիմադիրներն ասում են՝ Ադրբեջանն ինչ ասում է դուք դա եք անում։ Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ նման մեղադրանք ներկայացնելով»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, թե ՊՆ-ից բացի նաև եվրադիտորդերն են հայտարարել, որ հայկական կողմից կրակոցներ չեն եղել։

Պատասխանելով խաղաղության և համագործակցության մասին պայմանագրում Հայաստանի համար վտանգավոր կետեր լինելու մասին հարցին՝ Սիմոնյանը վստահեցրեց, որ նման կետեր չկան, վերջիններս բոլորը երկկողմանի է, եթե մի կետ կմեկնաբանվի վտանգավոր Հայաստանի համար, ապա վտանգավոր է լինելու նաև Ադրբեջանի համար։