Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավար Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ Փաշինյանը փորձի ժողովրդին խաբել, մոլորեցնել, թմրեցնել, ասի, որ իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են համաձայնության, այդ ամենը սուտ է։
«Տեքստի համաձայնության մասին հայտարարությունից անմիջապես հետո, Ադրբեջանը հայտարարեց, որ «խաղաղության» հաստատման նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Դրան կհետևի «այսպես կոչված, պատերազմի հանցագործների» վերադարձման պահանջը, այնուհետև՝ ինչ-որ 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ-ում։ Ադրբեջանը բացարձակապես մտադրություն չունի խաղաղության պայմանագիր կնքելու և ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելու»,-նշեց նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մասով Պուտինին զանգելուն, Խաչատրյանը նշեց.«Երբ ԵՄ-ի մասով Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, Փաշինյանը դարձյալ զանգահարել էր Պուտինին։ Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը հիմա լրիվ ունի այլ առաջնահերթություններ, Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում։ ՀՀ-ն ինչքան էլ իրեն փորձի պատռել՝ օգտագործելով Արարատ Միրզոյանի եզրույթը՝ «ինձ ոչ ոք որևէ հարցում չմեղադրի», հավաքական Եվրոպան հիմա այլ առաջնահերթություն ունի»։