«Ազգային առաջընթաց» կուսակցությունը և Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը որպես ցուցակի առաջին համար, համատեղ հայտարարում են մարտի 30֊ին Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին։
«Շատերիդ է հայտնի, որ Դավիթ Մինասյանը շուրջ 5 տարի անձնվիրաբար ծառայել է այս համայնքին` իր ուշադրության կենտրոնում պահելով բոլոր 9-ը բնակավայրերը` արդար ու հավասարաչափ զարգացման միտումով։ Դուք նաև քաջատեղյակ եք նրա կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, լինելով Երևան քաղաքի ավագանու մաս, լավատեղյակ է տեղական ինքնակառավարման խնդիրներից և ունի դրանց ուղղված իր լուծումները, որոնք արդյունավետ կերպով կիրառում է նաև Երևանում։
Մենք համագործակցում ենք միայն արդյունք ցույց տված և բնակիչներին ծառայող թեկնածուների հետ, ինչպիսին է Դավիթ Մինասյանը, և վստահեցնում` մեր հաղթանակով ոչ միայն վերջ ենք դնելու Քաղաքացիական պայմանագրի ապաշնորհ կառավարմանը, այլև Փարաքարը զարգացնելու լիովին նոր մոտեցումներ ենք բերելու մեզ հետ։
«Ազգային առաջընթաց» կուսակցության և Դավիթ Մինասյանի թիմերի համատեղ աշխատանքով Փարաքար համայնքում հիմք կդրվի և կձևավորվի բարենպաստ իրավաքաղաքական նոր միջավայր, որի արդյունքում բնակիչներն ի վիճակի կլինենք լիարժեք իրացնել իրենց քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։
Ավագանու նիստերը չեն լինելու ձևական։ Համայնքի ղեկավարն աշխատելու է հաշվետու և թափանցիկ, բնակիչների խնդիրները լուծվելու են ամենօրյա ռեժիմով, բյուրոկրատական անհիմն ու կրկնվող գործընթացները վերացնելու ենք։
Օրենքը պահպանվելու է ու խստորեն կատարվելու է, համայնքի բյուջեն հաստատվելու է մինչև ֆինանսական տարվա սկիզբ, մրցույթներն իրականացվելու են թափանցիկ ու արդար եղանակով, հատուկ ուշադրություն ենք դարձնելու սպորտին ու երիտասարդների կյանքի կազմակերպմանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը»,-հայտնել է կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը։
