Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետ


Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետ
Փետրվար 26 23:26 2025

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը չի մերժում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկները, երբ արտգործնախարարության մակարդակով հայտարարել է, որ դրանք գործնական նշանակություն չունեն։

«Մենք մեր պաշտոնական առաջարկին, պաշտոնական պատասխան չենք ստացել։

Ադրբեջանական փորձագիտական, քաղաքական դաշտում այլ կարծիքներ էլ են հնչել, որ Հայաստանի կողմից առաջարկը պետք է ընդունել և դա լավ լուծում է։ Ես հիմա չեմ ուզում մտնել այդ շերտերի մեջ։ Ես արձանագրում եմ, որ մեր պաշտոնական առաջարկին պաշտոնական պատասխան չենք ստացել։ Երբ ստանանք այդ պաշտոնական պատասխանը, մենք ավելի կբացենք մեր առաջարկների էությունը երկու պատճառով՝ եթե Ադրբեջանն ընդունի, դա կնշանակի, որ պիտի արդեն գործնականացնենք, թղթին տանք, ստորագրենք։ Դա նշանակում է, որ արդեն համաձայնեցված է և կարող ենք արդեն ժողովրդին, մեր հանրությանը և լրատվամիջոցներին ավելի բաց ներկայացնել կամ եթե մերժված է, ապա այդ մերժման բերումով կարող ենք ավելի բաց ներկայացնել, թե ինչ առաջարկ էինք մենք անում»,-մանրամասնել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ առաջարկված լուծումն Ադրբեջանի կողմից կընդունվի։

Ըստ ՀՀ վարչապետի՝ Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի լուծում։

Փաշինյանի համոզմամբ՝ առաջարկված այդ բանաձևն առնվազն հասցեագրում է բանակցությունների ընթացքում բարձրաձայնված խնդիրները։