Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ցեմենտի պարկերով բարձված «KamAZ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժաանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գարիկ Կապապետյանն ու կրտսեր պարեկ Դանիել Բաբայանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ հետաքրքրասերները կայանել էին ավտոմեքենաներն ու ստեղծել էին խցանում. պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունն ամբողջությամբ կարգավորվեց:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձոր բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: