Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները անխոչընդոտ Սարսանգի ջրամբար այցելում: Պաշտոնապես այս լուրին դեռ արձագանք չի եղել, ո՛չ հերքում, ո՛չ հաստատում, սակայն MediaHub.am-ի արցախյան աղբյուրների փոխանցմամբ՝ ադրբեջանցիները իսկապես այցելել են Սարսանգի ջրամբար, և տարածվող տեղեկատվությունը կեղծ չէ։
Առաջիկա ժամերին պաշտոնական Ստեփանակերտը հանդես կգա հայտարարությամբ այդ հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ օգոստոսի 22-ին «Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները «տեղի մասնագետների» մասնակցությամբ զննել են Արցախի Հանրապետությունում գտնվող Սարսանգի ջրամբարը։ «Այցի նպատակն էր Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգի անցկացումը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը, ինչպես նաև հիմքի ստեղծում այս ուղղությամբ աշխատանքներն ապագայում շարունակելու համար։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրի բաշխումը և դրա մատակարարման վերականգնումը Սարսանգի ջրամբարի շրջաններին, որոնք գտնվում են վեց ոռոգելի տարածքներում»,- մասնավորապես գրել է ադրբեջանական Haqqin.az կայքը:
MediaHub-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատել և ճնշում է գործադրել միջազգային հանրության վրա, սովորության համաձայն խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը և փորձելով ցույց տալ, թե հայկական կողմը Ադրբեջանին զրկում է ջրից: Դրա վառ ապացույցն, օրինակ, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ 2016թ. ընդունված ԵԽԽՎ 2085 բանաձևն է՝ տխրահռչակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հիման վրա: Ենթադրելի է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ախորժակը Սարսանգի ջրային ռեսուրսի մասով ավելի է բացվել:
Անի Գևորգյան